ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Քննարկվել է աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը. եզրակացությունը բացասական է …

Քննարկվել է աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը. եզրակացությունը բացասական է …

2022թ. դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի խմբագրական խորհրդի, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի խորհրդի և Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների ՀԿ խորհրդի համատեղ նիստ:

Օրակարգում՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագծի քննարկումն էր:

Ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը, ըստ նախագիծը մշակողների,  նպատակ է ունեցել.

  1. աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն,
  2. օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,
  3. վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ,
  4. ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:

Վերլուծելով ներկայացված փաստաթուղթը, քննարկման մասնակիցները եկան միաձայն եզրակացության, որ նախագծի ընդունմամբ ակնկալվող նպատակներին հասնել հնարավոր չէ: Մասնավորապես.

  1. Չեն սահմանված գիտական աստիճանաշնորհման հիմնական սկզբունքները.
  2. Աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում որակական պահանջները՝ քանակականի փոխարեն ամրագրել չի հաջողվել: Չի կարևորված գիտական աշխատանքի կարորագույն բաղադրիչը՝ գիտական նորույթը: Չի սահմանված դրա որոշման կարգը.
  3. ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում Սփյուռքի մասնակցությունը չի կարող սահմանափակվել միայն մասնագիտական խորհրդում նրանց ընդգրկմամբ, առավել ևս իջեցնելով արտերկրի մասնագետի որակավորման նկատմամբ պահանջները.
  4. Նախկին կանոնակարգի նկատմամբ, աառաջարկվող նախագծում բազմապատիկ անգամ ավելի են բացերը, անհամաչափությունները, ոչ հստակ ձևակերպումները: Մի շարք ձևակերպումներ ուղղակիորեն հակասում են Մարդու իրավունքների ընդունված չափանիշներին: Հիմնավորված չէ SCOPUS և այլ համակարգերում հրատարակված աշխատանքների “տեսակարար կշռի” համեմատականը տեղական պարբերականների հրապարակումների հետ: Հաշվի չի առնված այն հանգամանքը, որ Հայաստանի և մի շարք երկրների միջև գործում են գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրեր: Այդ երկրների աստիճանաշնորհման մարմինների կողմից ընդունելի պարբերականների հրապարակումները պետք է դիտարկման առարկա դառնան քննարկվող փաստաթղթում։
  5. Մասնագիտական խորհրդի անդամներին ներկայացվող բոլոր պայմանները սպառիչ ձևով պետք է սահմանվեն կանոնակարգով՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ներքին (լոկալ) իրավական ակտով սահմանվելու են լրացուցիչ պահանջներ, ինչը իրավաչափ չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենք, Հոդված 2)։
  6. Չի հստակեցված “խորհրդայինից եվրոպական համակարգին անցնելու” էությունը:

Ելնելով վերը ասվածից, քննարկման մասնակիցները ՀՀ կառավարությանն առաջարկել են ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից և ետ ուղարկել արմատական լրամշակման:

ՀՀ Գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի հիմնական նպատակներն՝ այստեղ

Նախագիծն՝ այստեղ

ՋՀՀԻ