ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Քննարկվում են սահմանամերձ Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի համար ստորգետնյա ջրային գետնուղիների (Քյարիզներ) ջրհավաք ավազաններին լրացուցիչ ջրի սնուցում ապահովելու հնարավորությունները

Քննարկվում են սահմանամերձ Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի համար ստորգետնյա ջրային գետնուղիների (Քյարիզներ) ջրհավաք ավազաններին լրացուցիչ ջրի սնուցում ապահովելու հնարավորությունները

2025 թ. մայիսի 27-ին Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ, Ակադեմիկոս ԻՎԵղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի, Ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ Վահագն Օհանջանյանի, Մեղրի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մկրտիչ Մկրտչյանի, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի վարչական ղեկավար Ալեքսան Թումանյանի, Շվանիձոր բնակավայրի բնակիչներ Հովհաննես Օհանյանի և Գրիգոր Հարությունյանի մասնակցությամբ ուսումնասիրվել է Մեղրի համայնքի Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի ջրամատակարարման խնդիրները։ Իրականացված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում դիտարկվել են ջրամատակարարման խնդիրների լուծման հետևյալ տարբերակները

  1. Ներկայումս Մեղրի համայնքում քննարկվում է ՄԱԿ-ի պարենային անվտանգության ծրագրով մոտ 56 կմ ջրագծի կառուցման հնարավորությունը, որը սնվելու է Ծաղկանց Հովիտ գետից և հանդիսանալու է ջրաղբյուր Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք, Վարդանի Ձոր, Թղկուտ, Լիճք և Տաշտուն բնակավայրերի անտառներին և բուսականությանը ջուր մատակարարելու համար։ Նշված ծրագրի իրականացումը ոչ միայն կկանխի անտառների և բուսական աշխարհի չորացումը, այլև  կարող է ապահովել Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի ստորգետնյա ջրային գետնուղիների (Քյարիզներ) ջրհավաք ավազանների լրացուցիչ սնուցումը։ Այն կարող է դառնալ նաև Վարդանի Ձոր և Թղկուտ բնակավայրերին խմելու ջրի մատակարարման աղբյուր։

Մեղրի համայնքի ներկայացուցչի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ներկայումս Մեղրի համայնքում առկա է ՄԱԿ-ի պարենային անվտանգության ծրագրով  տրամադրված 7 կմ խողովակաշար, իսկ համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պարագայում կտրամադրվի նաև խողովակների մնացած մասը։

  1. Լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտ է պարզել Տաշտուն գետից խմելու ջրի տեղափոխումը Մեղրի համայնքի մաքրման կայան և տարածքում լրացուցիչ ոռոգման ջրի ապահովման պարագայում դիտարկել Մեղրի համայնքի խմելու ջրագծից սնվող նոր ջրագծի կառուցման միջոցով՝ Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերին խմելու ջուր տրամադրելու հնարավորություն։
  2. Լիճքի ջրամբարի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օգտագործելով ջրամբարի հնարավորությունները, կարգավորելով ոռոգման ջրի խնդիրները, դիտարկել նաև ջրարբիացման և Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի ստորգետնյա ջրային գետնուղիների ջրհավաք ավազանների (Քյարիզների) լրացուցիչ սնուցման հնարավորությունները։
  3. Մինչև անդրսահմանային տարածք ընկած հատվածում (Արաքս գետի հարակից տարածք)՝ Շվանիձոր բնակավայրից վար, գործարկել խորքային հոր՝ գոյություն ունեցող 1000 մ3 ծավալով ջրավազանի սնուցման համար և ջրավազանում կուտակված ջուրը օգտագործել ստորգետնյա ջրային գետնուղիների (Քյարիզների) ջրհավաք ավազանի սնուցման և խմելու ջրի մատակարարման նպատակով։

Վերոգրյալ տարբերակները ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի և Ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ Վահագն Օհանջանյանի մասնակցությամբ քննարկումներ են իրականացվել նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տարբերակները և առաջարկվող լուծումները խիստ նախնական են և հիմնված չեն տեղում իրականացված հետազոտությունների վրա հետևաբար Մեղրի համայնքի Շվանիձոր, Նռնաձոր և Ալվանք բնակավայրերի ջրամատակարարման խնդիրները առավել մանրամասն ուսումնասիրելու, մասնագիտական հետազոտություններ իրականացնելու և վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ներգրավվել մասնագիտացված խորհրդատվական կազմակերպություն, որը տեղում կիրականացնի հիդրոլոգիական, հիդրավլիկական, գեոդեզիական, երկրաբանական,ջրի որակի լաբորատոր փորձարկման և այլ անհրաժեշտ մասնագիտական հետազոտություններ, տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և այդ արդյունքների վրա հիմնված ջրամատակարարման խնդիրների լուծման օպտիմալ տարբերակի ընտրություն և  նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։ Խորհրդատվական կազմակերպությունը պետք է ուսումնասիրի նաև ջրամատակարարման ապահովման համար օրվա կարգավորիչ ջրավազանների, քլորակայանների կառուցման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, ինչպես նաև ուսումնասիրի բնակավայրերի ջրամատակարարման ներքին ցանցերը և անհրաժեշտության պարագայում դրանք ներառի նախագծանախահաշվային փաստաթղթերում։

Տեխնիկական հանձնաժողովի մասնագետների մասնակցությունը կազմակերպվում է ՀՀ Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև 29․11․2019թ․ կնքված համագործակցության հուշագրի հիման վրա՝ ինստիտուտի կողմից։

ՋՀՀԻ լրատվական բաժին