Քննարկվել է աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը. եզրակացությունը բացասական է …
2022թ. դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի խմբագրական խորհրդի, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի խորհրդի և Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների ՀԿ խորհրդի համատեղ նիստ:
Օրակարգում՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագծի քննարկումն էր:
Ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը, ըստ նախագիծը մշակողների, նպատակ է ունեցել.
- աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն,
- օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,
- վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ,
- ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:
Վերլուծելով ներկայացված փաստաթուղթը, քննարկման մասնակիցները եկան միաձայն եզրակացության, որ նախագծի ընդունմամբ ակնկալվող նպատակներին հասնել հնարավոր չէ: Մասնավորապես.
- Չեն սահմանված գիտական աստիճանաշնորհման հիմնական սկզբունքները.
- Աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում որակական պահանջները՝ քանակականի փոխարեն ամրագրել չի հաջողվել: Չի կարևորված գիտական աշխատանքի կարորագույն բաղադրիչը՝ գիտական նորույթը: Չի սահմանված դրա որոշման կարգը.
- ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում Սփյուռքի մասնակցությունը չի կարող սահմանափակվել միայն մասնագիտական խորհրդում նրանց ընդգրկմամբ, առավել ևս իջեցնելով արտերկրի մասնագետի որակավորման նկատմամբ պահանջները.
- Նախկին կանոնակարգի նկատմամբ, աառաջարկվող նախագծում բազմապատիկ անգամ ավելի են բացերը, անհամաչափությունները, ոչ հստակ ձևակերպումները: Մի շարք ձևակերպումներ ուղղակիորեն հակասում են Մարդու իրավունքների ընդունված չափանիշներին: Հիմնավորված չէ SCOPUS և այլ համակարգերում հրատարակված աշխատանքների “տեսակարար կշռի” համեմատականը տեղական պարբերականների հրապարակումների հետ: Հաշվի չի առնված այն հանգամանքը, որ Հայաստանի և մի շարք երկրների միջև գործում են գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրեր: Այդ երկրների աստիճանաշնորհման մարմինների կողմից ընդունելի պարբերականների հրապարակումները պետք է դիտարկման առարկա դառնան քննարկվող փաստաթղթում։
- Մասնագիտական խորհրդի անդամներին ներկայացվող բոլոր պայմանները սպառիչ ձևով պետք է սահմանվեն կանոնակարգով՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ներքին (լոկալ) իրավական ակտով սահմանվելու են լրացուցիչ պահանջներ, ինչը իրավաչափ չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենք, Հոդված 2)։
- Չի հստակեցված “խորհրդայինից եվրոպական համակարգին անցնելու” էությունը:
Ելնելով վերը ասվածից, քննարկման մասնակիցները ՀՀ կառավարությանն առաջարկել են ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից և ետ ուղարկել արմատական լրամշակման:
ՀՀ Գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի հիմնական նպատակներն՝ այստեղ
Նախագիծն՝ այստեղ
ՋՀՀԻ