ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ջրային կոմիտեում քննարկվեց Գեղարքունիքի մարզի ոռոգման պոմպակայանների աշխատանքային պայմանների բարելավման հարցը…

Ջրային կոմիտեում քննարկվեց Գեղարքունիքի մարզի ոռոգման պոմպակայանների աշխատանքային պայմանների բարելավման հարցը…

2023 թվականի մայիսի 16-ին Ջրային կոմիտեում կայացավ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Գոռ Մելիքսեթյանը, ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է տեղադրված ՀՀ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում:
Նիստի օրակարգում էր Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ոռոգման պոմպակայանների աշխատանքային պայմանների բարելավման հարցը:
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Տեխնիկական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին՝ Կոմիտեի կողմից բարձրացված հարցին արագ արձագանքելու համար՝ նշելով, որ պետք է նկատի ունենալ, որ ընթացիկ տարին սակավաջուր է, հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում ջրօգտագործողների մոտ ոռոգման ջրի պահանջը նախորդ տարիների համեմատ ավելի վաղ է առաջանում, իսկ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ոռոգման պոմպակայանները հնարավոր չէ շահագործել՝ Սևանա լճի մակարդակը իջնելու հետևանքով ջրառի հնարավորություն չունենալու պատճառով, որի համար անհրաժեշտություն է առաջացել հրատապ կարգով ձեռնարկել միջոցներ:
Տեխնիկական հանձնաժողովի անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը մանրամասն ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոսի, Մարտունու, Աստղաձորի, Արծվանիստի և Զոլաքարի պոմպակայանների աշխատանքին խոչընդոտող իրավիճակը, որ Սևանա լճի մակարդակը իջնելու պատճառով լճից ջրառ իրականացնելը դարձել է անհնարին, կամ վերցրած ջրում առկա ավազի պարունակությունը վնասում է պոմպերի աշխատանքին:
Ա. Մարգարյանը ներկայացրեց «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր պոմպակայանի համար ստեղծված իրավիճակին համապատասխան մշակված լուծումները և նշեց, որ հրատապ կարգով դրանց իրականացման արդյունքում հնարավոր կլինի ժամանակին գործարկել նշված պոմպակայանները՝ անհրաժեշտ ժամկետներում ջրօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու համար: Ա. Մարգարյանը նշեց, որ լճից մանր ավազով հագեցած ջրի մուտքը պոմպակայան բացառելու նպատակով, ներկայացված միջոցառումներով նախատեսվում են պոմպակայանների ընդունող ավազանների խորացման, հատակների մաքրման և իջեցման, պատերի բարձրացման, ինչպես նաև՝ համապատասխան նախագծերի առկայությամբ՝ պոմպերի տեղադրման նիշերի իջեցման, գաբիոնային շարվածքներով լճի մեջ խորացման և այլ աշխատանքներ: Նախատեսվում են նաև աշխատանքներ պոմպերի ներծծման խողովակներում հոսքի անընդհատության խզումները և դրանց պատճառով պոմպերի աշխատանքային կավիտացիայի ռեժիմում հայտնվելը բացառելու նպատակով: Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվել է որոշ պոմպակայաններում տեղադրել տարբեր սարքավորումներ, փականներ, կափույրներ:
Ա. Մարգարյանը նաև պատասխանեց ներկաների հարցերին:
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորեց ներկայացվածը և մինչև ոռոգման շրջանի սկիզբը մնացած կարճ ժամանակահատվածում այդ ծավալուն աշխատանքները համակարգված կերպով իրականացնելու նպատակով, առաջարկեց ցանկից առանձնացնել ՋՕԸ-ի կողմից իրականացման ենթակա միջոցառումները:
Քննարկման արդյունքում որոշվեց հավանություն տալ «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր պոմպակայանի համար ստեղծված իրավիճակին համապատասխան մշակված միջոցառումների ցանկին, առանձնացնելով ՋՕԸ-ի և մրցութային կարգով ընտրված կազմակերպության կողմից իրականացվելիք միջոցառումները:
Հավանության արժանացած միջոցառումներով նախատեսված աշխատանքների հրատապ իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցների հաշվարկման, ներգրավման և գնման ընթացակարգերի կազմակերպման նպատակով Ջրային կոմիտեի կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: