Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը, հոկտեմբերի 10-ից, Այգեձորի ջրամբարում, իրականացնում է լայնածավալ հետեազոտական աշխատանքներ։
Հիդրոերկրաբան Սամվել Ջեյրանյանի նախնական եզրահանգմամբ, Այգեձորի ջրամբարի ափամերձ տարածքները ներկայացված են հիմնականում միջին յուրայի հասակի տուֆոավազաքարերով, ֆոբրեկչիաներով և տուֆոթերթաքարերով, որոնք հիմնականում ժայռային ապարներ են։
Սակայն վերջիններիս մեջ նկատելի են առանձին տեղամասեր և գոտիներ, որոնք ինչպես իրենց գույնով, այնպես էլ քայքայվածության աստիճանով զգալիորեն տարբերվում են ընդհանուր ֆոնից։ Ժամանակին երկրի ընդերքից բարձրացող տաք ջրային գոլորշիները վերջիններիս ենթարկել են հիդրոթերմալ փոփոխության։ Ժայռային ապարները քայքայվել են այն աստիճանի, որ այսօր երկրի մակերևույթի վրա հանդես են գալիս կավային և ավազային ֆրակցիաների խառնուրդով։
Երբ այս բնահողերը համեմատում ենք պատվարի տակով անցնող ստորասրահի ձախ ափից դեպի ստորասրահ թափանցող նյութի հետ, ապա կարելի է համոզվել, որ վերջիններս ինչպես իրենց դեղնաօխրա գույնով, այնպես էլ ֆրակցիոն կազմով միանշանակ նույնական են։
Կարելի է ենթադրել, որ ջրամբարի շինարարության ժամանակ, երբ պատվարի տակ՝ ժայռային ապարների մեջ, տեղադրվել է իռիգացիոն ջրթողի ստորասրահը, մեծ հավանականությամբ հենց այս տեղամասում առկա է եղել հիդրոթերմալ փոփոխված գոտի, որի ազդեցությունն այսօր նկատելի է ստորասրահի մեջ ներթափանցող նյութի տեսքով։
Ներկայացված վարկածը բավական հետաքրքիր է։ Եթե ստորասրահ ներթափանցող նյութը իսկապես հիդրոթերմալ փոփոխված ապարների քայքայման արդյունք է, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տեղի է ունենում այդ նյութի շարունակական լվացում և տեղափոխում ջրի հոսքով։ Միայն գույնի և հատիկաչափական կազմի նմանությունը դեռ բավարար չէ այդ եզրակացության համար։
Սա կարող է կարևոր նշանակություն ունենալ պատվարի հիմնատակի ֆիլտրացիոն կայունության գնահատման համար։
Հաջորդիվ կքննարկվի արդյոք այս երևույթը կարող է վկայել պատվարի հիմնատակի ներքին էրոզիայի (սուֆոզիայի) մասին։
Հորատման արդյունքում պատվարի մարմնից հանված կեռները կուղարկվեն լաբորատոր փորձաքննության։
ՋՀՀԻ լրատվական բաժին
