ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄԱԶԴ ՂԱԼԱՄՔԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

2025 թվականի նոյեմբերի 27-ին, Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, կոմիտեի նախագահի տեղակալ  Մարտիրոս Նալբանդյանի, ինստիտուտի տնօրեն Արմեն Բաբայանի, պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանի և Հովհաննես Թոքմաջյանի մասնակցությամբ։

Մտքեր փոխանակվեցին ջրային համակարգերի անվտանգության ապահովման, մասնագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև, ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման, կիրառական հետազոտություններ կատարելու գործում ինստիտուտի ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մասնավորապես, պրոֆեսոր Թոքմաջյանը հարց բարձրացրեց, ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված, ջրամբարների զննման և անվտանգության հայտարարագրերի կազմման խաթարված աշխատանքները վերագործարկելու անհրաժեշտության մասին։

  • Տարիներ շարունակ, ֆինանսավորում չնախատեսելու պատճառով, հանրապետությունում ջրամբարների զննում չի իրականացվում, չի կազմվում անվտանգության հայտարարագրեր։ Արդյունքում, այսօր ունենք նախավթարային վիճակում գտնվող մի շարք ջրամբարներ, որոնց հնարավոր փլուզումը ծանր հետևանքներ կունենա երկրի համար, այդ թվում՝ անդրսահմանային ազդեցություն,- ասել է պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

Խոսվել է նաև նախագծային աշխատանքների մրցութային գործընթացներում մեկնարկային գների, կատարման ժամկետների, ավարտված աշխատանքների դիմաց վճարումների ուշացման խնդիրների մասին։ Նշվել է այդ գործում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների նկատմամբ կոմիտեի կողմից հսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հույս է հայտնել, որ գնումների գործընթացի կարգավորման նախատեսվող օրենսդրական բարեփոխումները կնպաստեն բարձրացված հարցերի լուծմանը։

  • Քաղաքաշինության կոմիտեն լուրջ բարեփոխումներ արդեն ունի արած այս ուղղությամբ,- ասել է Հովհաննես Թոքմաջյանը,- սակայն օրենսդրական պահանջները հիմնականում չեն պահպանվում։ Սրանք շուտափույթ լուծում պահանջող խնդիրներ են։ Օգտակար կլինի, որ գնումների մասին օրենքում ներկայումս մշակվող փոփոխությունները օժանդակեն բարձրացված խնդիրների լուծմանը։ Միևնույն ժամանակ,  հանրապետությունում այսօր արդեն կա իրավական բավարար դաշտ,  բարձրացված խնդիրների զգալի մասը լուծելու համար։ Այս առումով, օրենսդրական պահանջների պահպանման ուղղությամբ,  կոմիտեի կողմից   ակնկալում ենք գործնական քայլեր։

Կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը քննարկման հարցերի լուծման գործում, կարևորեց ՀՀ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի դերը՝ նշելով հանձնաժողովի կազմի համալրման անհրաժեշտությունը։

Հանդիպումն անցավ կառուցողական, ջերմ մթնոլորտում։

ՋՀՀԻ լրատվալան բաժին