Տնօրեն Արմեն Բաբայանի 2025թ․ դեկտեմբերի 12-ի N25/12-012 հրամանով, տեխնիկական գիտությունների թեկնածու, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Էլեոնորա Ավանեսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Էդուարդ Միսակյանը նշանակվել են Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի անդամներ։
Նույն օրը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհրդի նիստ։ Էդուարդ Միսակյանն ազատվել է տեղեկագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնից։ Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի պատասխանատու քարտուղար է նշանակվել կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Այդինյանը։
-Գիտխորհրդի համալրումը կատարվել է կլիմայի տաքացման պայմաններում, հանրապետությունում օր-օրի նվազող ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղված տեխնոլոգիաների մշակման անհրաժեշտությամբ։ Սևանա լճի հիմնահարց, նախավթարային վիճակում գտնվող մի քանի ջրամբար, խմելու ջրամատակարարման և ոռոգման համակարգերում հսկայածավալ հոսակորուստներ, պոչամբարների կոնսերվացման գիտահենք եղանակների մշակման անհրաժեշտություն, հիդրավլիկական հարվածից ճնշումային խողովակաշարերի պաշտպանման միջոցառումներ, պոմպակայանների և փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման արդյունավետության բարձրացման հարցեր․․․ սա է ջրային ոլորտում այսօր լուծում պահանջող հիմնախնդիրների ոչ ամբողջ ցանկը․․․ Հաշվի առնելով բնագավառում մասնագիտական կադրերի ահռելի պակասը, անհրաժեշտ ենք համարում հնարավորինս կենտրոնացնել դեռևս առկա ներուժը, այս խնդիրների գոնե մի մասի ուղղությամբ լուծման առաջարկություններ ներկայացվելու համար,- ասել է ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։
Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը, Լուսինե Այդինյանին գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար առաջադրելու անհրաժեշտությունը տեսնում է դրա միջազգայնացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման հետ․
-Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Դավիթ Գուրգենիձեն, մեր տեղեկագրի հետ համատեղ գիտական հանդես ստեղծելու դեպքում, այն SCOPUS համակարգում ընդգրկելու հեռանկար է տեսնում։ Այս խնդրի հետ կապված արդեն իսկ հանձնարարական է տրված համալսարանի պրոռեկտոր Թամար Լոմանիձեին։ Կարծում ենք, որ Լուսինե Այդինյանը կկարողանա այս ծրագրի իրականացմանն ուղղված արդյունավետ գործողություններ իրականացնել։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ռեկտոր Գուրգենիձեն և պրոռեկտոր Լոմանիձեն Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի դոկտորներ են և տարիներ շարունակ իրականացվում է համագործակցության լայն շրջանակ,- ասել է Մհեր Մարկոսյանը։
ՋՀՀԻ լրատվական բաժին

