Ակադեմիկոս Ի․ Վ․ Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում սկսվել են երկարատև փորձարարական հետազոտություններ՝ ուղղված կոնսերվացված պոչամբարների տարածքներում ջրային և ռեկրեացիոն գոտիների ձևավորման հնարավորության էկոլոգիական գնահատմանը։ Փորձրն իրկանացվում են հայցորդներ Վ․Գրիգորյանի և Ա․Օհանյանի կողմից։
Փորձի հիմնական նպատակն է պարզել, թե պոչամբարի ռեկուլտիվացիայից հետո դրա տարածքում ջրային միջավայր ստեղծելու դեպքում պոչերում առկա նյութերը կարո՞ղ են ժամանակի ընթացքում տեղափոխվել դեպի հող և ջուր, հասանելի դառնալ կենդանի օրգանիզմներին և ազդել ջրային էկոհամակարգի կենսունակության վրա։
Այդ նպատակով լաբորատոր պայմաններում ստեղծվել է մոդելային ջրային էկոհամակարգ։ Մետաղական ավազանի հատակին տեղադրվել է մոտ 5 սմ հաստությամբ պոչերի շերտ, որի վրա, փորձարկումների երկրորդ փուլում կտեղադրվի՝ մոտ 5 սմ սովորական PMM սորունի կիրառմամբ (համամասնությունը՝ 6 կգ PMM` 1 քառակուսի տարածքի վրա) հողաշերտ։
Դրանից վեր ձևավորվել է մոտ 0,5 մ խորությամբ ջրային միջավայր։ Համակարգում տեղադրվել են ջրային բույսեր, մանր կարասներ և խեցգետիններ, իսկ ջրի օդավորումն իրականացվում է շարունակական ռեժիմով։
Այսպիսով, փորձարարական համակարգում ուսումնասիրվում է հետևյալ փոխկապակցված շղթան՝
պոչեր → հող → ջուր → ջրային բույսեր → խեցգետիններ → ձկներ։
Հետազոտությունը նախատեսված է որպես երկարատև փորձ։ Դիտարկվում են ջրի վիճակի փոփոխությունները, ձկների և խեցգետինների կենսունակությունը, նրանց վարքն ու կերակրման արձագանքը, ինչպես նաև ջրային բույսերի վիճակը։ Հետագա փուլերում նախատեսվում է ուսումնասիրել նաև հնարավոր աղտոտիչների տեղափոխումը պոչերից դեպի հող, ջուր, հատակային նստվածքներ, բույսեր և ջրային կենդանիներ։
Փորձի մեկնարկից 20 օր անց ձկները շարունակում են կենդանի մնալ և ակտիվորեն սնվել։ Դիտարկման ընթացքում գրանցվել է նաև օդավորման սարքի մոտ երկօրյա չնախատեսված անջատում։ Այդ ժամանակ ջրում կրկին առաջացել է արտահայտված տհաճ հոտ, իսկ երեք խեցգետին սատկել է։ Միևնույն ժամանակ կենդանի մնացած ձկները կեր ավելացնելուց հետո բարձրացել են ջրի վերին շերտ և ակտիվորեն սնվել։
Այս դիտարկումները դեռևս փորձի վերջնական արդյունք չեն և չեն կարող ինքնուրույն վկայել պոչերի կամ ձևավորված ջրային միջավայրի անվտանգության մասին։ Դրանց նշանակությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում երկար ժամանակ հետևելու նույն համակարգում ջրի վիճակի և տարբեր կենդանի օրգանիզմների արձագանքների փոփոխությանը։
Երկու փորձերի համեմատությունը հնարավորություն կտա գնահատել, թե որքանով է PMM սորունի կրրառմամբ ստեղծված պաշտպանիչ շերտը սահմանափակում պոչերից նյութերի հնարավոր տեղափոխումը դեպի հող, ջուր և կենդանի օրգանիզմներ։
Այսպիսով, հետազոտության հիմքում դրված է ոչ միայն այն հարցը, թե հնարավոր է արդյոք կոնսերվացված պոչամբարի մակերևույթը ծածկել հողով և կանաչապատել, այլ ավելի կարևոր հարց՝ հնարավո՞ր է արդյոք այդ տարածքում ձևավորել երկարաժամկետ կայուն և էկոլոգիապես անվտանգ ջրային միջավայր՝ որպես ապագա գյուղատնտեսության կամ ռեկրեացիոն գոտու բաղադրիչ։
Փորձարկումների արդյունքները նախատեսվում է օգտագործել կոնսերվացված պոչամբարների ռեկրեացիոն վերօգտագործման դեպքում էկոլոգիական անվտանգության գնահատման, պաշտպանիչ շերտերի արդյունավետության փորձարարական ստուգման և երկարաժամկետ մոնիթորինգի գիտական մոտեցումների մշակման համար։

