ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ գիտական հետազոտությունների արդյունքները միջազգային հանրությանը իրազեկելու և գիտական համագործակցությունը խթանելու նպատակով Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում փետրվարի 12-ին հուշագիր ստորագրվեց «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» անվանմամբ (ռուսերեն անվանումը` «Известия высоких технологий», անգլերեն անվանումը` «Bulletin of High Тechnology») գիտական ամսագիր հիմնադրելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի կողմից` տնօրեն, տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը, Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի կողմից, լիազոր ներկայացուցիչ, երկր.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի կողմից, նախագահի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Տեղեկագրի թողարկման պատասխանատու կազմակերպություն է հաստատվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. որին կից կգործի նաև տեղեկագրի խմբագրական խորհուրդը: Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիան իր միջոցներով կկազմակերպի տեղեկագրի կայքի (www.bulletin.am) սպասարկման աշխատանքները:

Տեղեկագրի համակարգող խորհրդի նախագահ է նշանակվել տ.գ.դ., պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը, իսկ գլխավոր խմբագիր` տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հետազոտողներ, ասպիրանտներ, ուսանողներ: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԲՈՀ-ի ներկայացուցիչ Արթուր Մինասյանը:

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղեկագիրն ընդգրկվի «Scopus» շտեմարանում, որը տեխնոլոգիական ոլորտում առաջիններից մեկը կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար: Հավակնոտ ծրագիր է: Հաջողելու դեպքում այն նշանակալի ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի հետազոտական համալսարանների զարգացման արդյունավետության բարձրացման վրա», — իր ելույթում ասաց տեղեկագրի համակարգող խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը:

Ճանաչված տնտեսագետ Արտաշես Թառլամազյանի կարծիքով դրված է արդիական, կարևոր խնդիր, որի լուծումը բարդ է, բայց` իրատեսական:

Պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը ընդգծեց ՀՀ տնտեսության համար բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների արտահանման կարևորությունը և նշանակությունը: Բավական է նշել, որ ներկայումս համաշխարհային արտահանման արժեքի ավելի քան 20%-ը բարձր տեխնոլոգիական արտադրանքն ու ծառայություններն են, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը 10 անգամ ավելի ցածր է: Այս տեսանկյունից տեղեկագիրը կարևոր քայլ կարող է դառնալ դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ունենալու ճանապարհին: Բացի այդ, տեղեկագիրը լավ միջոց կարող է դառնալ նաև մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացման համար, ինչը անչափ կարևոր է ռեսուրսներով ոչ հարուստ հայկական երկու հանրապետությունների համար: Այն հանգամանքը, երբ ստեղծվում է մարդկային մտքի մի կարևոր կենտրոն, լավագույնս կխթանի մեզանում մարդկային կապիտալի ակտիվացմանը: Բավական է նշել, որ ԱՄՆ Ազգային հարստության 94%-ը կազմում է մարդկային կապիտալը, իսկ բնական ռեսուրսների արժեքը դրանում կազմում է ընդամենը 0,7%:

Կարևոր է նաև տեխնիկական, ինժեներական և տնտեսագիտական մտքի համագործակցությունը և տնտեսագիտության նորույթների ու մոտեցումների կիրառումը տարբեր տեխնիկական խնդիրների լուծման և տեխնիկա-տնտեսական հիմնավորումների համար:

No Comments

Add your comment