ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Նիկոլ Փաշինյան. Ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա

Նիկոլ Փաշինյան. Ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա

Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում: Մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք՝ ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Շատ բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ. կա որոշակի ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից կրկնակի փակուղային է կառավարության համար, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ՝ այն քաղաքական, քաղաքացիական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարայի, և, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինպես մամուլում սիրում են շրջանառել Հայաստանի Հանրապետությունում «ջրային մաֆիայի» գոյությունը և եթե այդպես է, միանշանակ է, եթե «ջրային մաֆիան» գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Օրինագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2018 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 210 մլն մ3: Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման` այդ գումարների հավաքագրման և դրանց հաշվին ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար բացված արտաբյուջետային հաշվին: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավելյալ գումարներ են առաջանալու այս գործընթացի շրջանակում: «Մոտավորապես 1,6 մրդ դրամ արդեն իսկ ունենք այդ արտաբյուջետային հաշվին: Ես առաջարկում եմ ուղղակի լրացնել, որ այս գումարներն ուղղվելու են Սևանից ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին: Այդպիսով հավելյալ գումարները կօգտագործվեն Սևանից հետագա հավելյալ ջրառը կանխելու նպատակով»,- ասել է փոխվարչապետը:

Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետը նշել է. «Հենց ի սկզբանե, դեռ հունիսին խնդիր էր դրվել՝ ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Հետո ինձ զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, իսկ հետո զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն կլինի: Եվ այսպես մի քանի անգամ: Եվ, ըստ էության, կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկումների մասնակիցները բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներն էին: Վերջին քննարկման ժամանակ այսպիսի իրավիճակ ունեինք, երբ քննարկման մասնակիցները բաժանվել էին երկու մասի. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարել՝ առանց Սևանից ջրառ իրականացնելու, մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ անել, և եթե մենք գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետև կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, աննախադեպ բարձր բերք են սպասում, կկանգնեն ուղղակի աղետի առաջ: Հիմա մենք եկանք հետևյալ մոտեցման, որ, առաջինը, երաշխավորելու համար իրավիճակը մենք այսպիսի որոշում կկայացնենք, բայց, մյուս կողմից, կստեղծենք օպերատիվ խումբ, որը նույնիսկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասներով կուսումնասիրի իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, այդ խնդիրը լուծենք: Բայց ամեն դեպքում եթե ունենանք մի իրավիճակ, որ հանկարծ պարզվի՝ այդ բերքը ոչնչանում է կամ ոչնչանալու է, մենք, այնուամենայնիվ, այդ ջրառն կիրականացնենք»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ջրի այդ պահանջարկն ինչպես է ձևավորվում: «Արդյոք դա ապացուցելի՞ է, արդյոք դա վերահսկելի՞ է, և ըստ էության, պարզ է դառնում, որ ամեն ինչ աչքաչափի վրա է: Եվ սա մի աղետալի համակարգ է, որը չես հասկանում՝ ինչ սկզբունքներով է աշխատում: Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է շատ լուրջ կազմակերպչական լուծումների գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է պատկերացնել ջրի ամեն խորանարդ մետրի օգտագործումը և հետևել, թե դա ինչպես է օգտագործվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ լրջագույն վերահսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, հանձնարարել է, որպեսզի ոստիկանության առավել մասնագիտացված ստորաբաժանումները ևս միանան այս աշխատանքային խմբին և գործընթացը պահեն լիարժեք վերահսկողության տակ:
Գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ անհրաժեշտ է ստուգել քննարկումների արդյունքում ի հայտ եկած այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլ նաև ստվերային գյուղատնտեսություն: «Պարզվում է՝ տարածքներում կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես, որպեսզի դրանց հետ կապված ինչ-որ տուրքեր չառաջանան: Եվ երբ մենք վերցնում ենք ինչ-որ տարածք, նայում ենք, որ այդ տարածքի համար այսքան այգի կա այս շրջանում, այսքան ջուր է հարկավոր: Բայց գալիս է պահանջարկը՝ այդքան գումարած X քանակ: Եվ ասում ենք, բացատրեք՝ այդ ինչպե՞ս է, որ այդ տարածքի համար այդքան գումար է անհրաժեշտ: Ու չկա բացատրություն. ասում են՝ եթե ջուրը չլինի, աղետ կլինի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ է խոսվում նաև ջրային ոլորտում առկա չարաշահումների մասին: Վարչապետը հայտնել է, որ ակնկալում է ՀՀ քաղաքացիների աջակցությունը այդ չարաշահումները բացահայտելու հարցում: «Դիմե′ք իրավապահ մարմիններին, համագործակցե′ք իրավապահ մարմինների հետ: Մեզ ոչ մի բան չի խանգարում, կառավարությունը որևէ խոչընդոտ չունի ՝ այդ բոլոր չարաշահումները բացահայտելու և վերացնելու համար: Աջակցե′ք մեզ դրանում, որովհետև ես, 3 ամիս վարչապետ լինելով, նոր իմացա, որ Հայաստանի Հանրապետությունում կան գաղտնի այգիներ»,— ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով պետական աջակցության հարցին, նշել է. «Պետական աջակցություն ասելով՝ սովորաբար հասկանում ենք, որ ինչ-որ սուբսիդավորում իրականացնենք: Բայց պետական աջակցություն է նաև ուսումնասիրելը, թե գուցե այդ հողում այլ բան ցանելով՝ մարդը կարող է ավելի քիչ ծախս անել և ավելի շատ եկամուտ ստանալ: Մենք պետք է այլ տրամաբանություն դնենք մեր գործողությունների հիմքում, մենք պետք է մարդուն աջակցենք, որ ոտքի կանգնի, ոչ թե ամեն տարի նույն վիճակում հայտնվի: Ջուր չկա, կա կաթիլային ոռոգում. եթե աջակցությունը գնալու է նրան, որ տնտեսությունը ռեալ զարգանա, այդ աջակցությունը հասկանալի է: Բայց մինչ այժմ մարդուն աջակցել ենք, որ մնա հուսահատ վիճակում՝ իմանալով, որ այդ աջակցությունը հսկայական միջոցներ է տանելու, բայց մարդուն ոչնչով չի օգնելու»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրերի հարցին, որոնք էականորեն նվազեցնում են արտեզյան ավազանից ոռոգման նպատակով օգտագործվող ջրի պոտենցիալը: «Պետք է արձանագրենք, որ, չնայած վերջին 4 տարվա բազմաթիվ քննարկումներին՝ դեռ լուծումներ չունենք: Մենք պետք է այդ մարդկանց հետ խոսենք, ընդհանուր խնդիրը ներկայացնենք և համագործակցության մթնոլորտում այս խնդիրը լուծենք: Իրավապահ մարմինները զբաղվում են փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդրով, բայց, կարծում եմ, պետք է ուսումնասիրվի նաև մեծ ջրամբարների վրա գոյություն ունեցող ՀԷԿ-երի գործունեության խնդիրը: Եթե նրանք սահմանվածից ավելի ջուր են օգտագործելու, ապա դա նշանակում է՝ նրանք հավելյալ եկամուտ են ստացել և այդքան վնաս են հասցրել պետությանը: Մենք պետք է մտածենք այդ վնասները վերականգնելու, նաև Սևանա լճին, ոռոգման համակարգի զարգացմանն ուղղելու վերաբերյալ: Ճիշտ կլինի, որ մեր իրավապահ մարմիններն այս հարցով զբաղվեն, որպեսզի հետագայում այդ գայթակղությունները չլինեն: Եթե մեկ, երկու անգամ պատասխանատվության ենթարկվեն, հաջորդ անգամ նման բան չեն անի: Պետք է հստակ վերահսկողություն սահմանվի»,-ասել է վարչապետը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը: Արդյունքում՝ կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այս քննարկումները, մոտեցումները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված քայլեր: «Լրջորեն պետք է այս հարցով զբաղվենք. խոսքը ՀՀ ռազմավարական ռեսուրսի մասին է: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև իրավապահները զբաղվեն այս խնդրով: Այս պրոցեսը որևէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության դեմ վերաբաշխումներով: Անհրաժեշտ է կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական աղետալի իրավիճակի հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզ, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու: Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես անդրադարձա փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաներին: Այստեղ ոչ թե պետք է սպառնալիքների լեզուն աշխատի, այլ մշակույթ ձևավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերվեն ծայրահեղ պատասխանատու: Պետությունը յուրաքանչյուր օրինական տնտեսական գործունեության շարունակականությունը երաշխավորում է: Սա շատ կարևոր թեմա է և մտնում է կառավարության առաջնահերթությունների շարքի մեջ, որովհետև կարևոր ենք համարում էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասել է վարչապետը:

Աղբյուրը` gov.am