ՀՀ Վարչապետին Սևանա լճի հիմնահարցի լուծման հեռանկարային առաջարկ է ներկայացվել
ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՀ ջրի ազգային խորհրդի անդամ Հովհաննես Թոքմաջյանը Սևանա լճի հիմնահարցի լուծման հեռանկարային առաջարկ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Առաջարկը բխում է վերջերս Երևանում կայացած Սևանա լճի հիմնախնդիրներին վերաբերող գիտաժողովում քննարկված խնդիրներից և ներկայացված կարծիքներից:
Որպես ռազմավարական քայլ, հիմնավորվում է Սևանա լճի մակարդակը մինչև նակին՝ 1915,57 մ բարձրացնելու անհրաժեշտությունը:
Ծրագիրը հնարավորություն կտա լուծել հետևյալ հիմնախնդիրները.
- Կվերականգնվի Սևանա լճի ջրի որակը՝ համամապատասխանելով խմելու ջրի պահանջներին։ Արդյունքում, մոտ ապագայում սպասվող խմելու ջրի դեֆիցիտի պայմաններում, միայն վերականգնվող ջրային ռեսուրսների օգտագործման դեպքում, Հայաստանի Հանրապետության համար կստեղծվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք նաֆթն ու գազն է մեր հարևան երկրների համար:
- Լճում ջրի ճնշման ավելացման հետևանքով՝
ա) առավել ցածր նիշ ունեցող սարալանջերում կտրուկ կավելանան խմելու ջրի որակյալ աղբյուրները, որոնք կոգտագործվեն Երևանի և այլ քաղաքներին որակյալ ջրով ապահովելու խնդիրը լուծելու համար.
բ) կավելանան ստորերկրյա ջրային պաշարները.
գ) ջրի մակարդակի բարձրացումը չի ավելացնի սեյսմիկ ռիսկը, քանի որ Սևանա լիճն ունի բնական ծագում և շուրջ 1,5 մթն․ ավելցուկային ճնշման մեծացումը սեյսմիկ վտանգ չի ներկայացնի:
- Լրացուցիչ կկուտակվի շուրջ 20 մլրդ խորհանարդ մետր ջուր։ Այդ ծավալի ջուր կուտակելու համար, ջրամբարներ կառուցելու համար կպահանջվեր շուրջ 70 մլրդ US $։
Ծրագրի իրականացման մեկնարկն առաջարկվում է սկսել անհապաղ:
Որպես առաջին քայլ առաջարկվում է.
- Արգելել Սևանա լճի աղտոտումը, և առաջին հերթին՝ կոյուղաջրերի արտանետումը Սևան։
- Այսուհետ արգելել 1920մ-ից ցածր նիշերում շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրումը։
- Լճի հատակը մաքրել ծրածածկ եղած ծառերի արմատներից։
- Սկսել Արփա-Սևան թունելի Եղեգիս-Սևան տեղամասի այլընտրանքային նախագծի մշակումը՝ նպատակ ունենալով թունելի ելքային նիշը բարձրացնել մինչև 1917 մ։ Այդպիսով թունելում կապահովվի անհրաժեշտ ոչ ճնշումային շարժումը:
- Վերանայել Արփա-Սևան թունելի շահագործման ռեժիմը։ Անհապաղ միջոցառումներ իրականացնել Սպանդարյանի ջրամբարից դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։
- Դադարեցնել ոռոգման նպատակով սահմանված չափաքանակից առավել Սևանա լճից իրականացվող ջրառը, որը շարունակաբար, ըստ տարիների, պիտի նվազի, 170 մլն խորհանարդ մետրից՝ հասնելով Հրազդան գետի բնական հոսքին` տարեկան 50 մլն խորհանարդ մետր:
Ծրագրի իրականացման նվազագույն հաշվարկային ժամկետը 35 տարի է: