Հայտնի են PMM հավելանյութի կիրառմամբ դաշտային փորձարկումների արդյունքները. ցորենի հավելյալ աճը կազմել է 67,9%

2026թ. սեպտեմբերի 15 -ին իրականացվեց Ծաղկահովիտ համայնքում տեղակայված դաշտային փորաձադաշտում ցորենի բերքահավաքը:
PMM հավելանյութը հետազոտվող տեղամասում կիրառվել է 2024թ. աշնանը: Ստուգիչ տարածքից /առանց PMM/ ստացված ցորենի համեմատ, 3գ/կգ PMM կիրառելու դեպքում, 2025թ. ստացվել էր 48% հավելյալ բերք:
2025թ. աշնանացան ցորենը նույն տարածքում ցանվել է առանց լրացուցիչ PMM ներմուծելու:
Ետազդեցության հավելյալ բերքը, ինչպես կանխատեսել էին ինստիտուտի գիտաշխատողները, զգալիորեն գերազանցում է 2025թ. բերքահավաքի արդյունքները և կազմում է 67,9%:
Բերքահավաքի արդյունքները վավերացրել են Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը, Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտից, երկրագործության բնագավառում PMM հավելանյութի կիրառման հետազոտական աշխատանքները համակարգող, դոցենտ Սարիբեկ Գալստյանը, ծրագրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, ինչպես նաև համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Ինստիտուտի մասնագետների կանխատեսումներով, PMM հավելանյութի կիրառման ետազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա տարիներին՝ նվազեցնելով միավոր մակերեսի վրա հավելանյութի կիրառման արժեքը:
Այս փորձարկումների արդյունքները հիմք կարող են հանդիսանալ հանրապետության անջրդի տարածքներից, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մշակաբույսերի՝ ցորենի, գարու և այլ կուլտուրաների հավելյալ պաշարների ստացման համար:
2026թ. հետազոտությունների հաշվետվությունը հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին:
ՋՀՀԻ լրատվական բաժին