Վահան Գրիգորյանն իր ատենախոսությունը ներկայացրել է 055 մասնագիտական խորհուրդ․․․

Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հայցորդ Վահան Գրիգորյանը, 055 — “Ջրաբանություն” մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Պետրոս Համբարձույանին է ներկայացրել “Հայաստանի պոչամբարների բնապահպանական անվտանգության ապահովման և կուտակվող հողերի արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները” թեմայով  թեկնածուական ատենախոսությունը, նախնական քննարկման համար պահանջվող փաստաթղթերը և երեք մասնագետի անուն, որոնք տվել են համաձայնություն իրականացնել ատենախոսության նախնական ուսումնասիրությունը և տալ եզրակացություն։

Առաջարկված մասնագետների ցուցակը գիտքարտուղար Պետրոս Համբարձումյանն այսօր ուղարկել  է  055 մասնագիտական խորհուրդ, որը, գործող կարգի համաձայն, պետք է այն քննարկի երեք աշխատանքային օրվա ընթացքում: Խորհրդում հաստատվելուց հետո, գիտական քարտուղարը ատենախոսությունը կուղարկի մասնագետներին, ովքեր տասնհինգ օրվա ընթացքում ատենախոսության վերաբերյալ պետք է ներկայացնեն եզրակացություններ:

Ատենախոսության թեման ընդգրկում է Հայաստանի Հանրապետության բնական ռեսուրսների կառավարման երկու սերտորեն կապված, բայց ինքնուրույն ուղղություններ։ Առաջինը վերաբերում է հանքարդյունաբերության արդյունքում առաջացած պոչամբարների բնապահպանական անվտանգության ապահովմանը, քանի որ պոչամբարները շարունակում են բնապահպանական ազդեցություն ունենալ նաև հանքի փակումից հետո երկար տարիներ: Վերջին տասնամյակներում, խոշոր պոչամբարների աղետները ցույց են տվել, որ առանց արդյունավետ երկրաքիմիական-հիդրոլոգիական մոնիթորինգի, տնտեսական ու ինստիտուցիոնալ կառավարման մեխանիզմների, պրևանտիվ միջոցառումների իրականացման, աղետների կանխարգելումը հնարավոր չէ ապահովել։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է կուտակված հողի բերի շերտերի օգտագործման խնդիրներին։ Երկու ուղղություններն էլ առնչվում են Հայաստանում  ջրային, հողային և հանքային ռեսուրսների կայուն և թափանցիկ կառավարման հիմնախնդիրներին։

Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհուրդը,  2026թ․ սեպտեմբերի 17-ին քննարկել է ատենախոսությունը և տվել է դրական եզրակացություն։

ՋՀՀԻ լրատվական բաժին