Հայաստանում երկրաֆիզիկայի ուղղության զարգացման գործում, Ռոբերտ Մինասյանի ավանդը չափազանց մեծ է․․․
Գերազանցության դիպլոմով 1958 թ. ավարտել է Լոմոնսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժինը։
1966 թ․՝ երկրաբանական գիտությունների թեկնածու, 1992 թ․՝ երկրաբանական գիտությունների դոկտոր։
2003 թ-ին պրոֆեսոր։
1969 — 2001 թթ. ղեկավարել է Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի երկրաֆիզիկայի և ստորերկրյա ջրային ռեսուրսների հետազոտական լաբորատորիան։
1978 — 1979 թթ. աշխատել է Իրաքի Արաբական Հանրապետությունում, իսկ 1981 — 1983 թթ.՝ Մոզամբիկի Հանրապետությունում, որպես երկրաֆիզիկական արշավախմբի ղեկավար։
1996 — 2004 թթ. ղեկավարել է ՀՀ ԲՈՀ-ի N055 մասնագիտական խորհուրդը։
2001 թ-ից աշխատել է ԵՊՀ-ում, որպես աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ, այնուհետև՝ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում։
Պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է՝ կառուցվածքային երկրաբանություն, ճարտարագիտական, ջրաերկրաբանական հանքային, երկրաֆիզիկական մեթոդների կիրառմամբ, բնապահպանական և հնագիտական ուսումնասիրություններ
Գիտական զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Սիրիայում, Իրանում։
2016 թ․ չորս պրոֆեսոր՝ Ռոբերտ Մինասյանը, Աշոտ Մարկոսյանը, Մհեր Մարկոսյանը, Հովհաննես Թոքմաջյանը հիմնադրում են “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” գիտական հանդեսը․ 10 տարիների ընթացքում հրատարակվել է 36 հատոր․․․ Ռոբերտ Մինասյանը մինչև երկրային կյանքի ավարտը, հեղինակավոր այդ տեղեկագրի համակարգող և խմբագրական խորհրդի առանցքային մասնագետներից էր․․․
Ռոբերտ Մինասյանի գիտական ժառանգությունն անչափ արժեքավոր է։ Սա է կարևորը․․․ անչափ կարևոր է նաև, որ մարդուն հրաժեշտ ես տալիս ցավով, այնպես, ինչպես մենք հրաժեշտ ենք տալիս մեր ընկեր, պրոֆեսոր Ռոբերտ Սարիբեկի Մինասյանին․․․
Հովհաննես Թոքմաջյան
տ․գ․դ․, պրոֆեսոր

